top of page

💬 Հաճախ տրվող հարցեր | Frequently Asked Questions ❓

Ծրագրերի հայտադիմումները լրացնելիս մասնակիցների կողմից հաճախ ենք ստանում հարցեր, որոնց հարկ համարեցինք անդրադառնալ առանձին հրապարակմամբ։


ԻՆԵԴՆԵԹ-ի ծրագրերին կարող են մասնակցել միայն ԻՆԵԴՆԵԹ-ի անդամնե՞րը, թե՞՝ ոչ միայն։

Ինֆորմացիայի և կրթության զարգացման ցանց ՀԿ-ի կողմից տարածված բաց հայտադիմումներին կարող են դիմել և մասնակցել բոլորը։ Կարևոր է միայն ուշադիր կարդալ այն անհրաժեշտ կետերը, որոնք պարտադիր են մասնակիցների ընտրության ժամանակ, ինչպես օրինակ տարիքային սահմանափակումը, երիտասարդական աշխատող լինել կամ չլինելու հանգամանքը, փորձը և այլն։ Այդ ամենը նշվում է յուրաքանչյուր կանչի ժամանակ առանձին-առանձին։


Ծրագրերի դիմելու համար մուլտի շենգեն վիզա ունենալը պարտադի՞ր պայման է։

Ո՛չ։ Առհասարակ շենգեն կամ այլ որևէ տեսակի վիզա ունենալը պարտադիր պայման չէ ընդհանրապես, առավել ևս՝ մուլտի շենգեն ասվածը։ Ընտրված մասնակիցները ԻՆԵԴՆԵԹ-ի կողմից ստանում են աջակցություն անհրաժեշտ վիզա ձեռք բերելու հարցում։ Հայտադիմումի մեջ մենք պարզապես հարցնում ենք, թե ովքեր ունեն շենգեն գործող վիզա, որպեսզի վերջին պահին մասնակցությունը մերժող մարդկանց կարողանանք արագ փոխարինել։ Ուստի, եթե ունեք գործող վիզա, նշեք այդ մասին, գուցե ձեզ հետ էլ կապվենք, սակայն ինչպես նշված է հայտադիմումի մեջ, վիզա ունենալը որևիցե կերպ առավելություն կամ պակասություն չի տալիս դիմողին։


Ովքե՞ր են ընտվում, որպեսզի մասնակցեն ծրագրերին։

Յուրաքանչյուր ծրագրի համար կան չափանիշներ, նույն ինքը eligibility criteria ասվածը, որտեղ հստակ նշված են անհրաժեշտ չափորոշիչները՝ տարիքային, փորձ, երիտասարդական աշխատանքի մեջ ներգրավվածություն, migrant background, և այլն։


Ինչպե՞ս անդամակցել ԻՆԵԴՆԵԹ-ին։

Այս պահին ԻՆԵԴՆԵԹ-ը անդամության կանչ չունի։ Հետևեք մեր էջերին և կայքին, ապագայում ունենալու դեպքում մենք անպայման կհայտարարենք կանչ անդամության համար կամ կամավորների անդամագրման համար և այլն։


Ինչքա՞ն է ծրագրի մասնակցության վճարը։

Յուրաքանչյուր ծրագիր ունի առանձին անդամավճար, որի մասին դարձյալ նշվում է հայտադիմումի մեջ ամեն կանչի համար առանձին։ Պարզապես անհրաժեշտ է ՈՒՇԱԴԻՐ լինել դրան դիմելուց առաջ։


Քանի՞ մասնակից է լինելու Հայաստանից։

Կրկին, սա կախված է ծրագրից, թրենինգների ժամանակ լինում է 2 մասնակցից սկսած, իսկ փոխանակման ծրագրերի ժամանակ 4 մասնակցից սկսած։ Այս հարցը իրականում այնքան անէական է, քանի որ ոչ մի կապ չունի մասնակիցների ընտրվելու շանսերի հետ։ Խորհուրդ կտանք՝ սրա վրա չկենտրոնանալ, և դիմել ձեր իրական մոտիվացիայից դրդված, այլ ոչ թե անցնելու շանսերը հաշվարկել։


Էլ ո՞ր երկրներից են մասնակիցներ լինելու։

Եթե անկեղծ պատասխանենք, այս հարցը չենք սիրում։ Դարձյալ` ամեն ծրագրում ներգրավված երկրները տարբեր են, ներառում են ողջ եվրոպան և հարակից հարևան երկրներն ու տարածքները։ Սա պետք է կապ չունենա ծրագրին դիմելու ձեր մոտիվացիայի հետ։ Երբեմն լինում են կանչեր, որ նշում ենք մասնակից երկրների անունները, երբեմն՝ ոչ։


Մասնակցության վճար միա՞յն անցած մասնակիցներն են վճարում։

Այո։ Եթե դուք դիմել եք, բայց չեք ընտրվել մասնակցելու համար, ապա ոչ մի գումար չեք վճարում բնականաբար։



Ե՞րբ են հայտնի լինում ծրագրի պատասխանները։

Ծրագրի մասնակիցների ընտրության արդյունքները հայտարարվում են հայտը բացելու օրվանից 30 օր հետո, որը մեզ թույլ է տալիս մանրամասնորեն դիտարկել յուրաքանչյուր հայտը։ Եթե այնուամենայնիվ պատասխան չեք ստացել մեզանից, ապա դա կարող է նշանակել մի քանի բան՝

  • Ձեր հայտը մերժվել է։

  • Ձեր մեյլը նշելիս որևիցե տառասխալ եք արել։

  • Չեք ստուգել ձեր սփամերի բոքսը։


Չանցած մասնակիցներին նամակ ուղարկու՞մ եք։

Այո։ Մենք հասկանում ենք, որ դուք ժամանակ եք տրամադրել, ջանք եք թափել, որպեսզի լրացնեք այս հայտը։ Շատ հաճախ դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ ժամանակատար է, պահանջում է անգլերենի իմացություն։ Այդ պատճառով մենք հարգում ենք ձեր ջանքերն ու ժամանակը ու 1 ամիս անց բոլորին ուղարկում ենք նամակ։

Ցանկանում ենք խրախուսել, որ դուք շարունակեք դիմել ծրագրերին և չհիասթափվեք մերժումներից։ Բոլորն էլ անցնում են դրա միջով։ Հավաստիացնում ենք ձեզ, որ մենք բոլոր հայտերի վրայով անցնում ենք և ընտրում առավել համապատասխան մասնակիցներին։


Ի՞նչ անգլերենի մակարդակ է անհրաժեշտ ծրագրերին մասնակցելու համար։

Մասնակցության համար հիմնականում անհրաժեշտ է խոսակցական բազային մակարդակ՝ B1 - B2: Հարկ ենք համարում նաև նշել, որ երբեմն մասնակցելու և հասարակական կյանքում որևիցե բան փոխելու, ակտիվանալու մոտիվացիան այնքան շատ է լինում, որ մենք չենք նայում մասնակցի անգլերենի կարողություններին։ Փորձը ցույց է տալիս, որ դա ավելի է մոտիվացնում հետագայում անգլերենը լավացնելու հարցում, իսկ բուն ծրագրի օրերից հետո մասնակիցների գրեթե 98%-ը փաստում է իր բանավոր անգլերենի հմտությունների բարելավման մասին։

Կեցությունը, սնունդը և ճանապարհածախսը փոխհատուցվու՞մ է։

Այո։ Կեցությունն ու սնունդը ամբողջությամբ ապահովվում է հյուրընկալող կազմակերպության կողմից հենց տեղում, որի համար ոչինչ չեք վճարում։ Ճամփորդելու համար մասնակիցը գնում է տոմսը, մասնակցում ծրագրին, հետ գալուց հետո 2 ամսվա ընթացքում ստանում իր ճանապարհածախսի փոխհատուցումը։


Միայն նշվա՞ծ տարիքի մասնակիցները՞ կարող են դիմել։

Այո։


Վիզայի ստացման գործընթացում աջակցու՞մ եք։

Այո։ Կազմակերպությունը տրամադրում է հրավեր, ուղղորդում համապատասխան վիզայի համար պատասխանատու դեսպանատուն կամ վիզայի կենտրոն դիմելուն, օգնում փաստաթղթերի հավաքման և հայտի փաթեթը պատրաստելու ընթացքում։ Սակայն վիզա ստանալը այնուամենայնիվ մասնակցի պատասխանատվությունն է և կազմակերպությունը պարտավոր չէ այդ ամենն անել։ Մենք, հասկանալով, որ սա կարող է բարդ լինել հայ երիտասարդների համար, օգնում և աջակցում ենք։


Պատվաստված լինելը պարտադի՞ր է։

Ոչ։


Հարցազրույցի փուլ լինու՞մ է։

Այո, միայն հաջորդ փուլ անցած մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի։


Միջինում քանի՞ հայտ եք ստանում։

Յուրաքանչյուր ծրագրի համար ստանում ենք 100-ից ավել հայտ։


Նախկինում ծրագրերին մասնակցությունը դիտվու՞մ է որպես առավելություն։

Ոչ։


Միայն ՀՀ ռեզիդենտները կարող են դիմել։

Այո, ծրագրերին մասնակիցները պետք է մեկնեն Հայաստանից և վերադառնան Հայաստան, ուստի սա շատ կարևոր պայման է։


Ինչպե՞ս մեծացնեմ անցնելուս շանսերը։

Լավ ու անկեղծ հայտ գրելով, եթե կարճ պատասխանենք։

Այս հարցի վերաբերյալ շուտով առանձին հրապապարկումների շարք կունենանք, հետևեք մեր էջերին սոցիալական մեդիայում։


1,271 views0 comments
bottom of page